Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ազգային ժողով, հանդիպում ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին հայտնում են նախագահի պաշտոնական կայքից։
Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ առողջություն է մաղթել ԱԺ նախագահին՝ կրկին խստորեն դատապարտելով նրա նկատմամբ կատարվածը և անթույլատրելի համարել բռնության ցանկացած դրսևորում: Նախագահը համոզմունք է հայտնել, որ հատկապես մեր երկրի ու ժողովրդի համար այս բարդ իրավիճակում գերիշխող պետք է լինեն բարձր պատասխանատվությունն ու զսպվածությունը, բացառվեն անհանդուրժողականության և բռնության կոչերն ու գործողությունները:
Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, խոսել հանգուցալուծման հնարավոր ճանապարհների մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի էին ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել վիրահատությունների: ԱԺ նախագահն արդեն վերադարձել է աշխատանքի: