Ես չեմ այն մարդը, որ պետք է գնահատական տա Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «CivilNet»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Ես չեմ այն մարդը, որ պետք է գնահատական տա Վազգեն Մանուկյանի անցած ճանապարհին, ես Չարենցի դպրոցում աշակերտ էի, որ Վազգեն Մանուկյանը Ամիրյան փողոցով ցույցով կազմակերպված գնում էր դեպի հրապարակ՝ 1965 թվականին: Ես դա գիտեմ, որովհետև հետագայում Վազգեն Մանուկյանը և իր ընկերների հետ շփվել եմ, երբ համալսարանում էի աշխատում և սովորում, ես չպիտի իրեն գնահատական տամ: Վազգեն Մանուկանը եղել է ղարաբաղյան շարժման ղեկավարներից և իրեն շատ լավ հիշում եմ, երբ ինքը հարթակի վրա էր, իսկ ես՝ հրապարակում: Վազգեն Մանուկյանը մեր անկախ երկրի առաջին վարչապետն է եղել, ՊՆ նախարարը է եղել և իր անցած ճանապարհը խոսում է իր մասին: Իր հետ շփվել եմ երկուսուկես տարի առաջ՝ ապրիլյան իրադարձությունների ժամանակ, երբ ինքը Հանրային խորհրդի նախագահն էր և հանդիպումները ցույց էին տաիս, որ գործ ունեմ մի մարդու հետ, ով շատ սրտացավ է, եռանդագին և ունի հստակ իր պատկերացումները և նաև ունի շատ մեծ որակ՝ լսելու ունակություն»,- ասել է նա:
ՀՀ նախագահը ընդգծել է, որ 2,5 տարի առաջ, երբ սկսվեց հեղափոխության շարժումը, վտանգ կար, որ ապրիլի 24-ին, երբ ժողովուրդի մեծ մասը գնա հուշարձան՝ կարող են ընդհարումներ և անկանխատեսելի արդյունքներ լինել: Այդպիսով Սերժ Սարգսյանը որոշեց հրաժարականը տալ, որպեսզի ապրիլի 24-ին ընդհարում չլինի, ինչը նա համարում է դիվանագիտական և բարոյական հաղթանակ, քանի որ մենք աշխարհին ապացուցեցինք, որ այն ժողովուրդն ենք, որ մեր արժեքները չենք վաճառում և կարողանում ենք միասնություն գտնել:
Նշենք, որ ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը դրել է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրային պահանջ չի տեսնում իր հրաժարականի հետ կապված։