«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանը հրավիրել է ուժայիններին եւ ուղիղ հարցրել՝ ինձ հե՞տ եք, թե՞ ոչ։ Ոստիկանապետն ասել է՝ միանշանակ, ԱԱԾ տնօրենն ու ԳՇ պետն ինչ-որ անորոշ բաներ են ասել՝ օրենքի ու օրինականության մասին, ինչից վարչապետը դժգոհ է մնացել եւ որոշել է կրկին ԱԱԾ տնօրեն փոխել, որպեսզի անվերապահորեն իրեն նվիրված մարդ նշանակի։ Ասացին, որ առաջարկ է արվել նախկին զինդատախազ, Խաչատուր Սուքիասյանի խնամի Գագիկ Ջհանգիրյանին: Նա, սակայն, հրաժարվել է՝ մոտավորապես այսպես ասելով. «Ես խորտակվող նավում պաշտոն չեմ ստանձնի»: Մենք կապվեցինք Գագիկ Ջհանգիրյանի հետ։ «Ոչ, նման առաջարկ չկա, որեւէ մեկնաբանություն չեմ անում»,- ասաց նա եւ արագ անջատեց հեռախոսը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ-լեյտենանտ, ՊՆ ռազմական նախկին տեսուչ Մովսես Հակոբյանի վերջին աղմկահարույց ասուլիսից հետո Նիկոլ Փաշինյանը, պարզվում է, ցանկացել է պաշտոնից ազատել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։
Մեզ ասացին, որ նրանք պայման են դրել Նիկոլ Փաշինյանի առջեւ՝ «եթե Գրիգորյանին հեռացնեք, խմբակցությունից դուրս կգանք»։ Փաշինյանը, ում անվստահություն հայտնելու գործընթացի ճակատագիրն այսօր ԱԺ 88 պատգամավորների ձեռքում է, հրաժարվել է իր մտադրությունից, որ միանգամից մի քանի պատգամավորի իր դեմ չհանի։ Փաստորեն, «սորոսականների» շանտաժն արդյունավետ է եղել»:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Արա Այվազյանի նշանակումը շատերի, մեղմ ասած, տարակուսանքին ու քննադատությանն արժանացավ. մեծամասնության կարծիքով, նշանակվել է դիվանագիտական կորպուսի ամենաթույլ կադրերից մեկը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, համակարգում վստահ են, որ Այվազյանը, բացի լավ դեսպան լինելուց, որեւէ այլ քաղաքական, բովանդակային, որակական, մտավոր պոտենցիալ չի դրսեւորել, առավել եւս, բացարձակ անծանոթ է արցախյան բանակցային գործընթացին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիքի փրկության ճակատը, որը փոխարինեց 16-17 կուսակցությունների ֆորմատին եւ, թվում է, պետք է ավելի քիչ թվով կուսակցություններ ընդգրկեր, որովհետեւ ոմանք հայտարարեցին դուրս գալու մասին, մեծացել է։ Մեզ ասացին, որ 22 կուսակցության մասին է խոսքը, չնայած մի մասը մարդ-կուսակցություններ են։ Երեկ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը դժվարացավ հստակ թիվ նշել, սակայն ասաց, որ ամեն օր իրենց շարքերը համալրվում են։ «17-ով մեկնարկել ենք շարժման ձեւավորումը, դրանից հետո իսկապես մեզ միացողներ են եղել»,- ասաց նա։ Բայց 17-ից 3-ը կարծեմ լքել են միավորումը՝ Արամ Սարգսյանի Դեմկուսը, Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը» եւ Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ-ը։ Սաղաթելյանը պատասխանեց․ «Նրանց հեռանալուց հետո նույնքան կուսակցություն էլ միացել է, դրա համար եմ ասում՝ 17-ով ենք մեկնարկել շարժման ձեւավորումը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերն այս օրերին մարտավարական կտրուկ փոփոխություններ են մշակում։ Չի բացառվում, որ խաղաղ անհնազանդության ակցիաներին, փողոցներ փակելուն զուգահեռ, առաջիկա օրերին ավելի կոշտ միջոցներ կիրառվեն։ Օրինակ, հանրապետությունով մեկ գործադուլներ հայտարարվեն, որը կարող է երկրի տնտեսությունը կաթվածահար անել։ Բանն այն է, որ գրեթե բոլոր խոշոր գործարարները, մեծ հիմնարկ-ձեռնարկությունների, մասնավոր ընկերությունների ղեկավարները կողմ են հրաժարականին, բացառությամբ նրա սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի։ Եվ եթե գործադուլ սկսեն, կարող է պարալիզացվել ամեն ինչ՝ սկսած ինտերնետ ու հեռախոսային կապից մինչեւ տրանսպորտային հաղորդակցություն, սննդի օբյեկտներ եւ այլն։ Երեկ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցինք՝ մասնավորապես ի՞նչ նոր ակցիաներ են սպասվում, ավելի կոշտ միջոցների՞ են դիմելու։ Նա չցանկացավ պատասխանել։ Հարցրինք նաեւ՝ գործադուլի կոչեր հնչելո՞ւ են։ «Երբ հնչեն, կիմանաք»։
Նյութերն ամբողջությամբ՝ թերթերի այսօրվա համարներում: