Սյունիքի մարզպետարանը հերքել է Ագարակ գյուղի շրջանում հակառակորդի հարձակման մասին լուրերը:
Ըստ հայտարարության՝ համացանցում տեղեկություններ են տարածվել, որ այսօր ժամը 19:30-ի սահմաններում հակառակորդը հարձակման է անցել Ագարակ գյուղի ուղղությամբ և մոտ կես ժամ գնդակոծել Կապանի պաշտպանական դիրքերը:
«Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված են, ու իրավիճակը վերահսկվում է, – ասված է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանի հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հակառակորդը կես ժամ անընդմեջ հարձակվել է Կապանի (Ագարակ գյուղ) պաշտպանական դիրքերի վրա: Ըստ այդ տեղեկությունների՝ հակառակորդը հայկական կողմին 10 ժամ է տվել պաշտպանական դիրքերը լքելու համար։