Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կլիմայական փոփոխությունների հարցով գագաթնաժողովի՝ Climate Ambition Summit-ի շրջանակում հանդես է եկել տեսաուղերձով: Այս մասին գրել է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Վիրտուալ գագաթնաժողովը նախաձեռնել են Միավորված ազգերի կազմակերպությունը, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան՝ Իտալիայի ու Չիլիի հետ համագործակցությամբ: Գագաթնաժողովը միավորում է պետությունների ղեկավարների, գործարար ու քաղաքացիական հանրության առաջնորդների, որոնք պատրաստ են նոր պարտավորություններ ստանձնել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում և Փարիզյան համաձայնագրի կատարման գործում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր ելույթում առաջարկել է «Պարտք՝ ի նպաստ կլիմայի» բանաձևով բնութագրվող նորարարական մոտեցումը՝ ուղղված կլիմայի փոփոխության արդյունքում ֆինանսական խնդիրներ ունեցող զարգացած և զարգացող երկրներին:
Գաղափարն այն է, թե ինչպես երկրներն ավելի կանաչ դարձնելով ունենալ ավելի կանաչ աշխարհ՝ նաև ազատվել պարտքերից:
«Այս գաղափարով, որը կարող է փոխել տարբեր երկրների` կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում նրանց արդյունավետության աստիճանը, առաջարկվում է այդ պայքարի համար ապահովել լրացուցիչ ֆինանսական հոսքեր,- նշել է նախագահ Սարգսյանը։- Այս ֆինանսական միջոցները պետք է ուղղվեն տվյալ երկրի ՝ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին միտված ազգային պարտավորությունները ժամանակին և արդյունավետ կատարելուն»։
Climate Ambition Summit-ում հնչել են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի, Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերայի, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի, ինչպես նաև այլ պետությունների ու կառավարությունների ղեկավարների ելույթներ: