Նախորդ օրը Երևան ժամանած ինքնաթիռը Ադրբեջանից Հայաստան է տեղափոխել ոչ թե 44, ինչպես հայտարարվել էր, այլ՝ 43 գերի: Նարեկ Սարդարյանը, որի անունը ցուցակում էր, ինքնաթիռում չէր:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, որը զբաղվում է գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց պահման հարցերով, Armenia Today- ի հետ զրույցում հաստատեց մեր այն տեղեկությունը, որ Նարեկ Սարդարյանը հայրենիք չի վերադարձվել։
Հարկ է նկատել՝ համացանցում տեղադրված Հայաստանին վերադարձված գերիների ցուցակում Նարեկ Սարդարյանի անվան կողքին բացակայում էր նշանը, որով հաստատավում է, որ նա հայրենիքում չէ։
Հիշեցնենք, որ Նարեկ Սարդարյանը որպես անհետ կորած որոնվում է հուլիսի 8-ից: Գորայք համայնքի Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավայրում նա ձիով գնացել էր անասունների ուղղությամբ և չէր վերադարձել: Պարզվել էր, որ Նարեկ Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք:
Հուլիսի 15-ին Ադրբեջանը տեսանյութ հրապարակեց, որտեղ Նարեկ Սարդարյանն իբր խնդրում է Ադրբեջանի քաղաքացիություն տալ իրեն կամ ուղարկել երրորդ երկիր։
Հիշեցնենք նաև, որ երեկ հաղորդվում էր, թե Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։ Նրանցից 4 զինծառայողներն ու 2 քաղաքացիական անձինք գերեվարվել էին մինչ Արցախյան պատերազմը, իսկ 26 զինծառայողներն ու 12 քաղաքացիական անձինք՝ պատերազմի ընթացքում և պատերազմի դադարից հետո։