Երևանի Սասունցի Դավթի արձանի մոտից մեկնարկել է ընդդիմադիր ուժերի ու նրանց աջակիցների բողոքի երթը: Պահանջը մնում է նույնը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Շարժման կազմակերպիչները ևս մեկ անգամ հիշեցրել են, որ անհնազանդության ակցիաներն ու երթերն իրականացնելու են այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը հրաժարական չի ներկայացրել: Ճանապարհին երթի մասնակցիների ու նրանց գաղափարները չկիսող անցորդների միջև վեճ է սկսվել:
Կառավարության շենքի մոտ հասնելով՝ երթի մասնակիցները մի քանի րոպե դադար են տվել ու վանկարկումներ հնչեցրել: Այնտեղ նրանց միացել է նաև «Հայրենիքի փրկության շարժում» կուսակցությունների խմբի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: Ոստիկաններն ուղեկցել են երթը: Բախումներ չեն գրանցվել, բերման ենթարկվածներ չկան:
Այնուհետև երթը շարժվել է դեպի Ֆրանսիայի հրապարակ: Այնտեղ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները ելույթների համար հարթակ էին տեղադրել:
Շարժման կազմակերպիչները շարունակել են պնդել, որ իրենց պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ հանուն հայրենիքի: Իր հերթին, Վազգեն Մանուկյանը կոչ է արել միանալ իրենց ու վստահեցրել, որ առջևում հաղթանակն է: Հաջորդ ելույթների ընթացքում հարթակ է բարձրացել մի երիտասարդ ու ցանկացել բարձրախոսով խոսել: Նրան արագ հեռացրել են հարթակից՝ ենթադրելով, թե սադրիչ է: Ակցիայի ավարտին կազմակերպիչները հայտնել են վաղվա օրակարգը: