Արամ Խաչատրյանը ԱԺ պատգամավորի մանդատը դնելիս չի իմացել, որ Լոռու մարզպետ է նշանակվելու։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց՝ երեկ են տեղեկացրել, որ մարզպետի պաշտոն են տալու։
Նորանշանակ մարզպետը հերքում է, որ իր շրջապատի մարդիկ փորձել են ցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերը։ Նրա պնդմամբ՝ Լոռու մարզի ամբողջ բնակչությունը չի պահանջում վարչապետի հրաժարականը, այլ՝ մոտ 20 հոգի։
Արամ Խաչատրյանի հաշվարկներով՝ Երևանում էլ են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները քիչ․ մոտ 500 քաղաքացի։
Մարզպետի կարծիքով՝ ժողովրդի մեծամասնությունն աջակցում է Փաշինյանին։
«Պետք է ձեզ հիասթափեցնեմ․ վարչապետը մեկ շաբաթ, մեկ ամիս հետո էլ հրաժարական չի տալու: Դա ոչ թե իմ կարծիքն է, այլ ժողովուրդը դա չի պահանջում: Մեզ հարյուրավոր, հազարավոր մարդիկ գրում են, ասում են, որ հանկարծ նման բան չանի վարչապետը: Անձնական նամակներով են գրում, կամ գալիս են տեսնում, կամ ինչ-որ մարդկանց միջոցով փոխանցում: Տարբեր ձևեր կան»,- նշեց նա։
Նորանշանակ մարզպետը թեև պնդում է, որ իշխանության օրակարգում արտահերթ ընտրություններ հարց չկա, բայց ասում է՝ ժողովուրդն իր կարծիքը կարտահայտի ընտրությունների միջոցով՝ 2023 թվականին։
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 8-ին վայր էր դրել պատգամավորի մանդատը։
Նշենք, որ Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018-ի հոկտեմբերի 10-ին, իսկ երեկ հրաժարական տվել: