Այսօր տեղի ունեցավ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ ԱՊՀ ղեկավարները հեռավար կարգով քննարկեցին նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի, ԱՊՀ շրջանակում համագործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային նշանակության մի շարք հարցեր: Նիստի ժամանակ ելույթներով հանդես եկան անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որն իր խոսքում անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին։ Նա նշեց, թե, բնականաբար, բոլորն էլ անհանգստացել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված հակամարտության կապակցությամբ, քանի որ դրանում ներգրավված են բարեկամ և ԱՊՀ անդամ երկրները՝ Ադրբեջանն ու Հայաստանը։
«Տեղի ունեցած մարտերը, ցավոք, հանգեցրին բազմաթիվ մարդկային զոհերի, սրեցին Անդրկովկասի առանց այդ էլ բարդ իրավիճակը և, ընդհանուր առմամբ, մեծացրին ահաբեկչական սպառնալիքի տարածման ռիսկերը։ Ռուսաստանը որոշակի միջնորդական ջանքեր է գործադրել ղարաբաղյան գոտում արյունահեղությունը կանգնեցնելու, լիակատար հրադադարի հասնելու և կայունացման գործընթաց սկսելու համար։ Մենք ձգտում էինք հետեւել այն առանցքային պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել ՄԽ-ում, մասնավորապես, նրա համանախագահների՝ ՌԴ – ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջև»,- ասաց Պուտինը։
Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ հայտարարություն, և կարևոր է, որ այն, ընդհանուր առմամբ, հետևողականորեն իրագործվում է։ Պուտինը հավաստիացրեց, որ շփման գծում տեղակայված ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են իրավիճակի նոր սրում թույլ չտալու համար, և իրենց ու միջազգային հանրության առջև խնդիր է դրված աջակցել տուժած շրջաններին լուծելու հումանիտար, այդ թվում՝ փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքի վերականգնման, պատմության, կրոնի և մշակույթի հուշարձանների պաշտպանության և վերականգնման խնդիրները։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց ԱՊՀ երկրների ղեկավարների հեռավար նիստին՝ հոր մահվան պատճառով: