Արցախյան երկրորդ պատերազմի դադարից շուրջ 40 օր է անցել։ Այսօր Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարված, որի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է հայ ժողովրդին։
Վերջին 84 օրերն առանց կասկածի մեր ժողովրդի ծանրագույն օրերի թվին են դասվում։ Ազգովի անցել ու անցնում ենք մղձավանջի միջով։ Երբեմն թվում է, թե մեր երազանքները ջարդուփշուր են եղել, երբեմն թվում է, թե մեր լավատեսությունը փուլ է եկել, մեր ինստիտուտների գործունակությունը հայտնվել է կասկածի ներքո։ Այս ամենի հետևանքով ձևակերպվել է մի մեծ հարցական․ ի՞նչ ենք անելու, ինչո՞ւ այսպես եղավ։ Ասել եմ, որ ստանձնել եմ տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը, որը կրում եմ ի պաշտոնե։ Եվ ասել եմ, որ խոնարհությամբ կընդունեմ ցանկացած դատավճիռ, որ մեր ժողովուրդը կներկայացնի։ Այսօր դեպի Եռաբլուր կայանալիք երթից առաջ այս մասին իր ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց մեզ իրականության ավելի խորը վերլուծություն է հարկավոր, որովհետև տեղի ունեցածը չէր կարող մեկ կամ մի քանի հոգու, մեկ կամ մի քանի տարվա սխալների հետևանքը լինել։ Պետք է առերեսվել իրականության հետ և խոստովանել, որ մենք սխալներ ենք գործել երկար տարիներ։ Մեր գործած սխալներն ունեցել են համակարգային, հայեցակարգային ու բովանդակային բնույթ, և այս ամենը բերել է այնպիսի հետևանքների, որոնք սպառնալիք են ստեղծում անգամ մեր պետական ինստիտուտների համար։ Հասկանո՞ւմ էի այս ամենը վարչապետի պաշտոնը ստանձնելու ժամանակ և դրանից հետո։ Իհարկե՝ այո։ Փորձո՞ւմ էի արդյոք փոխել իրադրությունը, իհարկե՝ այո, բայց հիմա առավել ևս համոզվում եմ, որ պատմության պտտվող թափանիվը կանգնեցնելու ժամանակը պարզապես չկար»,-ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ իսկական ողբերգությունը այն կլինի, որ մենք շարունակենք ապրել ավարտի ու ավարտական տրամաբանության մեջ։
«Մեր մեծագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ մեր գերեվարված հայրենակիցների վերադարձը, անհետ կորածների որոնման աշխատանքները, նաև Հայաստանի ու Արցախի շուրջ կայունացման հարցը։ Սրան են ուղղված մեր ամենօրյա ջանքերը։ Ցավոք, թե՛ Հայաստանում թե՛ Արցախում կան լարվածության որոշակի օջախներ։ Ցավոք, գերիների վերադարձի և անհետ կորածների գտնվելու վայրը պարզելու հարցը դեռ ամբողջությամբ լուծված չէ։ Ցավոք, Խծաբերդում ունեցել ենք նոր գերեվարվածներ, որը պիտի անհամատեղելի լիներ ռազմական գործողություների տրամաբանության հետ։ Որքան էլ դժվար է, բայց այս ամենը մեզ չպետք է մղի հուսահատության, որովհետև մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանը ապրի, Արցախը ապրի, հայ ժողովուրդը ապրի»,-ընդգծել է Ն․ Փաշինյանը՝ հավելելով, որ այսօրվա երթը մտածումի երթ է լինելու, որտեղ ազգովի պետք է խորհենք մեր անցնելիք ճանապարհի մասին։
«Սա նաև խոստումի երթ է, որ մենք հնարավոր ու անհնար ամեն ինչ կանենք մեր անհետ կորած եղբայրների ճակատագրերը պարզելու, մեր հույսը, լավատեսությունը վերադարձնելու, ապրելու, արարարելու, Հայաստանն ու Արցախը նորովի կառուցելու համար։ Այսօրվա երթը կոնկրետ քաղաքական ենթատեքստ չունի, բայց տեղի է ունենում կոնկրետ քաղաքական իրավիճակում, որի հանգուցալուծման վերաբերյալ իմ դիրքորոշումը մնում է նույնը ու չի փոխվում։ Ոչ թե էլիտար շրջանակները, այլ միայն ու միայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության ճակատագիրը։ Եվ այս առումով մեր մեծագույն խնդիրն օր առաջ իրավիճակի կայունացումը, և ժողովրդի կամարտահայտման հնարավորություն ստեղծելն է։ Մինչ այդ կառավարությունը պետք է աշխատի նոյեմբերի 18-ին իմ կողմից հրապարակած ճանապարհային քարտեզի դրույթների հնարավորինս արդյունավետ իրագործման վրա»,-շեշտել է նա։