Ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Այս մասին Armenia Today-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից, սակայն չմանրամասնեցին, թե ինչ քրեական գործի շրջանակներում է քաղաքապետը կալանավորվել։
Հիշեցնենք՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը տեղեկացրել էր է, որ առավոտյան ժամը 06։00-ին Գ․Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։
Հավելենք, որ վարչպետը Սյունիքի մարզի ճանապարհին է։ Սյունեցիներն էլ փակել են ճանապարհը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա մտնել մարզ։
Ճանապարհին Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով դիմեց սյունեցիներին՝ փորձելով հանդարտացնել իրավիճակը․ «Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ Սյունիքի մարզ այցելելու իմ որոշումն ամենևին էլ կրքեր բորբոքելու համար չէ: Ընդհակառակը, նախ՝ Սյունիք գալու որոշումը կայացրել եմ սյունեցիների նկատմամբ իմ հարգանքի և գնահատանքի տուրքը մատուցելու նպատակով:
Երկրորդ, որն առավել կարևոր է, Ձեր հարցերին պատասխանելու, ուղիղ Ձեր աչքերին նայելու, անհրաժեշտ բացատրություններ տալու: Ինձ հաշիվ եմ տալիս, թե Ձեր տված հարցերն ինչպիսին են լինելու: Ես որոշակի համոզմունք ունեմ, որ կկարողանամ դրանց պատասխանել, Ձեր կասկածները փարատել ,և եթե նման համոզմունք չունենայի, այսպիսի որոշում չէի կայացնի»,- ասել է վարչապետը: