ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը:
«Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկում են Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծով սահմանված երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել մեկ տարով՝ սահմանելով 2022 թվականի հունվարի 1-ը։
Նախագծի համահեղինակ և զեկուցող Բաբկեն Թունյանն ասաց, որ առաջարկվում է հետաձգել հետևյալ դրույթները՝ առևտրի կետերում ծխախոտային արտադրատեսակների ցուցադրության արգելք, տուփերի կամ բլոկների ցուցադրության արգելք, փոխարինիչների և ծխախոտային արտադրատեսակների մակնշում։ Իսկ փակ, կիսափակ և բաց տարածքներում ծխելու վերաբերյալ դրույթները մնում են անփոփոխ:
«Խիստ կասկածելի է, թե քանի տոկոսով է ծխողների թիվը նվազելու, բայց տնտեսվարողների եկամուտների վրա ազդեցությունը խիստ էական է լինելու. խոսքը մի քանի հազար տնտեսվարողների և մի քանի միլիարդ դրամի մասին է»,- բացատրեց պատգամավորը։
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը նշեց, որ օրենքի նշված դրույթների հետաձգումն էլ կվատթարացնի առկա վատ վիճակը:
«Կառավարության դիրքորոշումն այն է, որ եթե այդ կետերն ուժի մեջ մտնեն հունվարի 1-ից, որևէ տնտեսական ազդեցություն չեն ունենա։ Համավարակի պարագայում շատ ավելի կարևոր է, որ օրենքի բոլոր դրույթները գործեն: Այսօր կորոնավիրուսային հիվանդությունից մահանում են հենց այն մարդիկ, որոնք ոչ վարակիչ հիվանդություններ ունեն: Ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի ֆակտորը հանդիսանում է ծխախոտի օգտագործումը: Եվ կարծում եմ, որ մենք պետք է մեր ուժերը համատեղ ներդնենք, որ ուժեղացնենք այս օրենքի բոլոր դրույթների կիրարկումը։ Մենք ունենք հաշվարկ, թե ծխախոտի հրապարակային ցուցադրությունը որքանով բացասաբար կազդի տնտեսության վրա»,-նշեց Նանուշյանը։
Հանձանաժողովը դրական եզրակացություն տվեց փաթեթին։ Այն վաղն ԱԺ արտահերթ նիստում քվեարկության կդրվի։