«Վարչապետը ներկայացրել է ճանապարհային քարտեզ վեցամսյա, որի մեջ ուրվագծվում է իր ու մեր քաղաքական ուժի տեսլականը` ստեղծված իրավիճակի հանգուցալուծման կամ կառավարման, այդ թվում` այո, այդ ճանապարհային քարտեզում խոսք կա նաև ժողովրդի կամարտահայտման հնարավորությունը երաշխավորելու վերաբերյալ»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում նշել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Սակայն նա չի հստակեցրել, կոնկրետ ինչ լուծում են իշխանությունները ցանկանում տալ ստեղծված իրավիճակին։ «Տարբեր իրավիճակներ տարբեր լուծումներ են ենթադրում, բայց եթե ավելի կոնկրետացնենք մեր խոսակցությունը, եթե Ձեր հարցը հետևյալն է` արդյոք պատրաստվո՞ւմ եք անել արտահերթ ընտրություններ կամ չեք պատրաստվում, կամ եթե պատրաստվում եք, ինչո՞ւ չեք ասում, կա կոնկրետ իրավիճակ` Հայաստանը նոր է դուրս եկել պատերազմից դրանից բխող տարբեր հետևանքներով, և հիմա համար մեկ խնդիրը կայունացումն է, ընդ որում և՛ ներքին կայունացումը, բայց առաջին հերթին արտաքին անվտանգային առումով կայունացումը:
Ես անձամբ, օրինակ, սկզբունքորեն դեմ չեմ արտահերթ ընտրությունների գաղափարին, բայց դա կախված է ընդհանուր իրավիճակից, և բացի սա, այս համատեքստում մի շատ հետաքրքիր հանգամանք էլ կա, որ ըստ էության, այն ընդդիմադիր ուժերը, որ իրենց հռչակել են առնվազն առաջամարտիկները ընդդիմադիր պայքարի հիմա Հայաստանում, չեն պահանջում արտահերթ ընտրություններ: Ես կարծում եմ` դա քաղաքագիտական աբսուրդ է»-ընդգծել է իշխանական պատգամավորը:
Հարցին, թե իրենք ինչո՞ւ չեն ցանկանում արտահերթ ընտրություններ նշանակել, Ռուբինյանը նշել է․ «Մենք հիմա գործ ունենք քաղաքական աբսուրդի հետ, երբ որ այն ուժերը, որ պահանջում են վարչապետի հեռացում, չեն պահանջում արտահերթ ընտրություններ: Ինչո՞ւ: Պատասխանը մեկն է և ակնհայտ է, այդ ուժերը ինչպես նախկինում ժողովրդին չեն համարել որոշող, այնպես էլ հիմա ժողովրդին չեն համարում որոշող: Նրանք շատ լավ գիտեն, որ իրենց չեն ընտրելու բավարար քանակով քաղաքացիներ, որպեսզի իրենք նույնիսկ խորհրդարանում հայտնվեն, և հետևաբար իրենք անում են այն, ինչ անում են»:
Ռուբինյանը տարօրինակ է համարել, որ կեղծված ընտրությունների ժամանակ իշխանության եղած ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀԿ և այլ մերձակա շրջանակների տրամաբանությամբ վարչապետ Փաշինյանի վարչապետության օրոք ընտրությունները պիտի կեղծվեն, իսկ իրենց իշխանության օրոք չպիտի կեղծվեն: «Դա պրակտիկորեն ապացուցված փաստ է, որ իրականում ամեն ինչ հակառակն է»,-նշել է Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ Երևանում և հանրապետության այլ քաղաքներում նոյեմբերի 10-ից հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում ՝ ի պատասխան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարության։ Հայրենիքի փրկության կոմիտեն, որը միավորում է 16 ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների, պահանջում է կառավարության և վարչապետի հրաժարականը։ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ-ն, ԵՊՀ Գիտական խորհուրդը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, ստեղծագործական և գիտական մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին հանդես եկավ նաև Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը։