Այսօրվա դրությամբ գործում են Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն հատվածները, սակայն Կապան Ագարակ տանող հատվածը ստիպված ենք այլևս չօգտագործել, քանի որ ամբողջությամբ թշնամու տիրապետության ներքո է։
Այս մասին ԱԺ աշխատանքային քննարկմանն ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
«Բարեբախտաբար, ունենք այլընտրանքային ճանապարհ, որն ունի հիմնանորոգման կարիք և մի քանի անգամ երկար է»,- ասաց Փարսյանը և հավելեց, որ Ագարակի, Եղվարդի ու Ուժանիսի բնակիչները որոշակիորեն շրջափակման մեջ են հայտնվում։
Կապան-Շինուհայր ճանապարհահատվածն անհարմար է մեծ բեռնատարների, հատկապես «ֆուռերի» համար։
Անհարմար է Տաթևից մինչև Սատանի Կամուրջ հատվածը, քանի որ և՛ ճանապարհն է նեղ, և՛ ոլորաններն են կտրուկ։
«Ադրբեջանցիներն առաջարկում են ամրացված դիրքերից 150-ական մետր հետ քաշվել, որպեսզի մեր զինվորները շփում չունենան ու կոնֆլիկտ չծագի, բայց մեր ՊՆ-ից առաջարկություն հնչեց համակարգային մոտեցում դրսևորել, քանի որ կան հատվածներ, որ իրե՛նք են սահմանին մոտ դիրքավորված»,- ասաց Փարսյանը։
Հիշեցնենք, որ նախապես հրավիրված Կառավարությունն ու «Իմ քայլը» չէին մասնացում Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ ԲՀԿ-ի կազմակերպած աշխատանքային քննարկմանը։