«Փաստ»-ը գրում է. «ՀՀ տարածքում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերն ու անհնազանդության գործողությունները հաճախ ուղեկցվում են ոստիկանական տարբեր ստորաբաժանումների հետ բախումներով, ինչի հետևանքով մեծ թվով քաղաքացիներ բավականին կոշտ մեթոդներով բերման են ենթարկվում ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ոստիկանության հատուկ ստորաբաժանումներին (կարմիր բերետներ) իշխանության կողմից հստակ հանձնարարականներ են իջեցվել՝ ընդդիմադիրներին կոշտ մեթոդներով բերման ենթարկել, անգամ այն դեպքերում, երբ բերման ենթարկվողներն առանց դիմադրության համաձայնում են նստել ոստիկանության մեքենաները»։
«Հրապարակ»-ը գրում է. «Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն օրերս փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծ է մշակել՝ նպատակ ունենալով վեր հանել օբյեկտիվ ճշմարտությունը պատերազմի պատճառների եւ պատերազմում կրած պարտության վերաբերյալ։ Փաստահավաք խմբում ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած եւ առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցչով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցչով), ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը, ընդհանուր՝ 16 անդամ։ ԼՀԿ-ն դիմել է ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի եւ «Մենք» դաշինքի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ խորհրդարանական գործընկերներին, որ արձագանքեն։ Սակայն երեկվա դրությամբ դեռ ոչ ոք չէր արձագանքել։ Փաստահավաք խմբի աշխատանքների համար նախատեսվել է մինչեւ 10 ամիս ժամանակ»:
«Փաստ»-ը գրում է. «Հայտնի քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը սույն թվականի դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հարց էր հնչեցրել. «2019 թվականին արդյո՞ք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան համարժեք պաշտոնյաներ, եւ արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել, որպես առաջարկ՝ Արցախի հարցը ի օգուտ Ադրբեջանի լուծման»։
«168 ժամ»-ը գրում է. «Պոպուլիզմի հիմնական գործիքը տեսարանն է։ Երբ իշխանության են գալիս պոպուլիստները, տեսարանը դառնում է պետական քաղաքականություն, կամ պետական քաղաքականությունը դառնում է տեսարան։
Պոպուլիստների տեսարանները սկզբունքորեն տարբերվում են հին հունական «հաց և տեսարաններ» հայեցակարգից, որի դեպքում քաղաքական գործիչները կամ պետական այրերը հասարակ, ընչաքաղց ժողովրդին կաշառում էին սնունդով՝ հացով, և զվարճացնում էին թատերական տեսարաններով՝ այդ ժողովրդի՝ պլեբոսի աջակցությունը ստանալու համար։ Պոպուլիստների համար, ահա, չկա «հաց և տեսարաններ», պոպուլիստներն ապահովում են միայն տեսարաններ, պոպուլիստների համար տեսարանը դառնում է հաց։ Իրականում հենց դա է տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի իշխանության երկուսուկես տարիներին»։
«Փաստ»-ը գրում է. «Վերջին շրջանում իշխանական ու «մերձիշխանական» որոշակի շրջանակներ հետևողականորեն թիրախավորել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և փորձում են վարկաբեկել նրան: Այնինչ, շատերի համոզմամբ, սահմանադրական ինստիտուտներից երևի թե միակը, որը լիարժեքորեն, պրոֆեսիոնալ կերպով գործել է պատերազմի ողջ ընթացքում (նաև դրանից առաջ) և հետպատերազմական այս շրջանում, հենց ՄԻՊ-ն է:
Սակայն հենց այդ հանգամանքն էլ զայրացնում է Նիկոլ Փաշինյանին, որի թիմակիցները արշավ են սկսել Թաթոյանի դեմ: Ի դեպ, սա նորություն չէ: Դեռևս մայիսին մենք գրել էինք, որ ըստ թերթի հավաստի տեղեկությունների, իշխանությունները ակտիվորեն քննարկում են նաև ՄԻՊ-ին «յուրայինով» փոխելու հարցը»: