«Ալյանս» կուսակցությունն առաջարկում է հայ ժողովրդի անվտանգության խնդիրները լուծել հնարավորինս սեղմ ժամկետներում ՝ Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելու միջոցով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երեւանում կայացած «Ալյանս» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարել է կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը։
«Հայաստանին անհրաժեշտ է կոնկրետ աջակցություն՝ մեծ տնտեսությանը, մեծ տարածքին ամբողջական փոխադարձ ինտեգրման տեսքով, մեծ սահմանների ամուր համակարգով, էներգառեսուրսների, հաղորդակցությունների, դրամական համակարգի փոխգործակցության քաղաքականության իրականացմամբ։ Մենք տեսնում ենք 150 միլիոնանոց շուկայով միասնական տնտեսական համակարգ ձևավորելու անհրաժեշտություն»,-«Ալյանս» կուսակցության համագումարում ասել է Ուրիխանյանը։
Նրա խոսքով եթե իրողությունները պահանջում են տարածաշրջանում ռուսական զորակազմի ներկայությունը, ապա «հաջորդ քայլը պետք է լինի զորքերի միասնական խմբավորման ձևավորումը, մասնավորապես սահմանապահ ուժերի տեսքով»:
Ուրիխանյանը հայտարարել է, որ այնուհանդերձ, Հայաստանը պետք է պահպանի և զարգացնի իր զինված ուժերը, պետք է վարի իր արտաքին քաղաքականությունը, պահպանի ԱԳՆ-ն և դեսպանատները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդես էր եկել Սյունիքի մարզում ռուսական երկրորդ ռազմաբազայի ստեղծման նախաձեռնությամբ: