Մինչև ամանորյա տոները Նիկոլ Փաշինյանին տապալելու հայաստանյան ընդդիմության փորձերի փաստացի ձախողումը հանգեցրել է իշխանությունների պատասխան հակագրոհի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախաձեռնության տեսքով։
- Այս գաղափարը հիմնված է հայաստանյան քաղաքական ուժերի վարկանիշի դինամիկայի առանձնահատկությունների վրա: Թեև սոցհարցումների տվյալներով գործող վարչապետի աջակցության մակարդակն ընկել է և շարունակում է անկում ապրել պատերազմում կրած պարտությունից հետո, սակայն այն դեռևս մնում է Հայաստանի համար բավական բարձր՝ անգամ մինչև 2018 թվականը գոյություն ունեցող իշխանությունների վարկանիշի համեմատ․ ներկայումս էլ էապես գերազանցում է նրա ընդդիմախոսների աջակցության աստիճանին։
- Միևնույն ժամանակ, ընդդիմադիր կուսակցությունների աջակցության մակարդակն աննշան է աճում, որն արտացոլվում է հասարակության մեջ նրանց և նրանց նպատակների նկատմամբ կայուն անվստահությամբ։ Ըստ էության, սա այս փուլում ընդդիմության նախաձեռնած շարժման պարտության հիմնական պատճառն է: Ընդդիմության համար հանրային աջակցության այս բացասական հարաբերակցությունը հավանաբար եղել է նաև այն պատճառը, որ նրանք այդպես էլ չկարողացան ուժային կառույցներին իրենց կողմը քաշել։
Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանն խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացումը դիտարկում է որպես միանգամից «մի քանի նապաստակ խփելու միջոց»։
1. Ընտրությունների արագ անցկացման միջոցով հնարավոր կլինի կապիտալիզացնել դեռևս պահպանվող աջակցությունը, պահպանել իշխանությունը, լեգիտիմության նոր լիցք ստանալ։
2. Միևնույն ժամանակ ձևականորեն կատարել հրաժարականի հասարակական պահանջը, որը ձևավորվել է պատերազմում կրած պարտության արդյունքում։
Միևնույն ժամանակ իշխանությունների համար այս սցենարն ունի մի շարք ռիսկեր։
- Դրանցից առաջինը կապված է ընտրությունների անցկացման տեխնիկական կողմի հետ։ 2018 թվականի դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավոր կեղծման մեխանիզմը չեզոքացվել էր Փաշինյանի համընդհանուր աջակցության շնորհիվ։ Սակայն ընդդիմության մեջ այդ մեխանիզմի շարքային օղակները դեռևս մնացել են և հասարակության ներկա բարոյալքված վիճակում կարող են ակտիվորեն գործել որոշակի շրջանակներում՝ ի շահ ընդդիմության։
- Իշխանությունների համար բարդություններ են առաջացնում նաև երկրի առանձին շրջանների (նախ և առաջ՝ Սյունիքի) կառավարելիությունը, ինչը նույնպես կարող է բացասաբար ազդել իշխանությունների գրանցելիք արդյունքների վրա։ Ընդհանուր առմամբ՝ ընտրությունները կարող են վերածվել ներկա և նախկին էլիտաների կողմից վարչական և ֆինանսական ռեսուրսի կիրառման:
- Ռիսկերի ևս մեկ բլոկ ավելի երկարաժամկետ բնույթ է կրում և կապված է ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության մոտ սոցիալ-տնտեսական ճգնաժամից ելքի դեղատոմսերի բացակայության հետ: Այս պայմաններում տնտեսական վիճակի աստիճանական, բայց կայուն վատթարացումը կարող է հանգեցնել գործող վարչապետի մնացած աջակցության կրճատմանը։ Դա իր հերթին կհանգեցնի անկայունության նոր փուլի՝ ինչպես տարբեր մեթոդներով իշխանության տապալման ընդդիմության ակտիվ փորձերի վերակենդանացման, այնպես էլ սոցիալական բնույթի բողոքի ակցիաների հնարավոր ալիքի տեսքով։
Արդյունքում արտահերթ ընտրությունների արագ անցկացման սցենարը կարող է մարտավարական քայլ դառնալ ներքաղաքական դիմակայության շրջանակներում, բայց հազիվ թե երկարաժամկետ հեռանկարում կայունացնի երկրում ստեղծված իրավիճակը։
Դավիթ Հարությունով, Armenia Today-ի խմբագիր