«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած նամակին:
Նշենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր, իր խոսքով, Արցախի պատերազմից 26 օր առաջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի ուղարկած գաղտնի նամակը, որում նկարագրված է սպասվող պատերազմը։
Անդրադառնալով նամակին՝ Ա. Վանեցյանն ընդգծե է. «Ես բազմիցս նշել եմ, որ վերջին պատերազմի սկսվելու, ընթացքի և ավարտի վերաբերյալ հանրությունը պետք է հստակ պատասխաններ ստանա: Հստակ պատասխանը ենթադրում է քրեական գործի շրջանակներում իրականացվող քննություն, բայց ես համոզված եմ, որ այս իշխանությունների օրոք այդ քննությունն օբյեկտիվ և արդարացի չի իրականացվի: Իշխանափոխությունից հետ անպայման պետք է իրականացվի քննություն, տրվեն բոլոր պատասխանները, այդ թվում՝ ձեր կողմից նշված ՀԱՊԿ-ի գրությանը»: