ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիի վճարների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Արուսյակ Ջուլհակյանն առաջարկում են Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»:
Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ հաջորդ տարվանից Երևանի 10 վարչական շրջաններում կհանվեն կարմիր գծերը, և այսուհետև Երևանի քաղաքապետարանը չի կարող այլևս տուգանել քաղաքացիներին մեկ կամ երկու լուսանկարի միջոցով։
Օրենքի փոփոխությունից հետո «կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում։
Նշենք, որ օրենքի գործող կարգավորմամբ` «կարմիր գծեր» առկա են Երևանի բոլոր վարչական շրջաններում, իսկ քաղաքացիները խախտում կատարելիս տուգանվում են երկու լուսանկարի առկայության դեպքում: