Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցը:
Նախաձեռնությունն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներինն է։ Նախագիծը ներկայացնող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հիմնավորեց, որ Նաիրա Զոհրաբյանը անհարկի բառեր է օգտագործել, և նման բառապաշարով հանդես եկող անձը չի կարող կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները։
Արթուր Հովհաննիսյանը մեջբերեց դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ էլ, ըստ իշխող ուժի, պատգամավորն անհարկի արտահայտություններ է գրել․ «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու: Ու եթե պետք լինի, այո, մինչև կրթական որոշակի ցենզի հասնելը, ժեխին պիտի զրկել որևէ կարգի որոշում կայացնելու և առաջին հերթին՝ ընտրելու իրավունքից: Ու բռնի ուժով տանել կրթելու: Սա այլևս տեսակի կռիվ է՝ ժողովրդի ու ժեխի կռիվ. Ո՞ր տեսակը կհաղթի՝ էնպիսի պետություն էլ կունենանք»։
Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը ներկա չէ իրեն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու նախագծի քննարկմանը։
Նա, սակայն, չի ընդունում մեղադրանքները և այն քաղաքական հետապնդում է համարում։
Հավելենք, որ Նաիրա Զոհրաբյանին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցով ԲՀԿ-ն կդիմի ՍԴ։