ԱԺ-ն այսօր ընդունեց մի քանի օրենքներ։
Խորհրդարանականները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեցին «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով բարձրացվեցին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը:
Նախագծով փոխվել են դրոշմանիշային վճարների դրույքաչափերը։ Որդեգրվել է կիսապրոգրեսիվ համակարգը: Այժմ եկամտի չափին համապատասխանելու է որոշակի ֆիքսված գումար, որը վճարվելու է հատուցման հիմնադրամին:
ԱԺ-ն 78 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով առաջարկվում է կրճատել անհայտ բացակայող, մահացած ճանաչելու գործող ժամկետները:
Նախագծով կրճատվում են անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործող ժամկետները, եթե դրանք պայմանավորված են եղել ռազմական գործողություններով: Փոփոխություններով ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին։
Խորհրդարանն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագծով սահմանված երեք դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու օրենքի նախագիծը։
Ընդունված օրենքով ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում հունվարի 1-ից պետք է արգելվեր: Հաջորդ դրույթը վերաբերում էր ծխախոտային արտադրատեսակների դրանց փոխարինիչների մակնշման պահանջներին: Դրույթներից մեկն էլ վերաբերում էր տուփերի ցուցադրությունը: Դրանով մասնավորապես սահմանվում էր, որ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվող ապրանքների դեպքում առկա հարկային բոլոր վճարումները:
Երբ քաղաքացին որևէ բարեգործական ապրանք է նվիրաբերում Հայաստանին, ազատվում է մաքսավճարներից և հարկային այլ վճարներից։