Այսօր խոհրդարանում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հանդիպումը:
Հանդիպումից հետո Մարուքյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ինքը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումը:
«Մենք առաջարկել ենք, որ վարչապետը տա հրաժարական, խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձևավորվի անցումային կառավարություն այն ուժերից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, կառավարությունում ընդգրկվեն մասնագետներ, որոնք իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են, երկրի ներքաղաքական անկայունությունը կայունացնեն, և նախապատրաստենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընթացքում քննարկելի են նաև, եթե կարիք լինի, Սահմանադրության փոփոխությունների հարցը, ինչի մասին արդեն մի քանի անգամ խոսել եմ:
Վարչապետն առաջարկում է՝ ինքը մնա իր պաշտոնում, և գնանք խորհրդարանական ընտրությունների, ինչին մենք ասել ենք, որ դեմ ենք, և հիմա էլ մեր դիրքորոշումը վերահաստատեցինք: Այսինքն՝ ես ներկայացրել եմ մեր մոտեցումը, վարչապետը՝ իր»,-նշել է Մարուքյանը:
Հարցին, թե որևէ կոմպրոմիս եղել է, Մարուքյանի կարճ պատասխանել է՝ ճգնաժամը շարունակվում է:
ԼՀԿ խմբակցության ղեկավարն ասել է նաև, որ առանց ԲՀԿ և ԼՀԿ կուսակցությունների խորհրդարանը չի կարող ցրվել։ «Այսինքն, եթե որևիցե մի պահի վարչապետը հրաժարական տա, ես կարող եմ դնել իմ թեկնածությունը և խորհրդարանն ընտրի ինձ որպես վարչապետ։
Վարչապետն այսօր հանդիպել էր նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, ով նշել էր, որ ներկա վիճակաից կա միայն մեկ ելք՝ վարչապետի հրաժարականը։