Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանն, իր խոսքով, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով վատնման հետ կապված նոր մեղադրանքներ է հնչեցրել իշխանությունների հասցեին։
Մինասյանի խոսքով՝ վարչապետը հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին հանձնարարել է հիմնադրամում հավաքված միջոցներից փոխանցել 52 մլրդ 700 մլն դրամ (ավելի քան 100 մլն դոլար) բյուջե, ինչն էլ արվել է 9 որոշումներով։ «Այդ որոշումներից ոչ մեկը հոգաբարձուների խորհրդի անդամներ Ռոբերտ Քոչարյանին եւ Արկադի Ղուկասյանին չի ուղարկվել», – ասել է Մինասյանը:
Նա նաեւ հայտարարել է, որ 9 որոշումներից 7-ի բնօրինակները կորել են ՀՀ նախագահի նստավայրից, որտեղ, ինչպես հայտարարել է Մինասյանը, գտնվում են նաեւ Արշամյանի գրասենյակն ու հիմնադրամի աշխատակազմը: Նախկին դիվանագետի խոսքով՝ դրանից հետո Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել հիմնադրամի գործադիր տնօրենին՝ հայտնելով, որ «խնդիրներ կան»։
Իր հերթին Հայկակ Արշամյանը, Մինասյանի խոսքով, նամակ է գրում ֆինանսների նախարարին ՝ խնդրելով ներկայացնել, թե ինչի համար են ծախսվել միջոցները։ «Նախարարը պատասխանել է, որ միջոցները ծախսվել են բյուջեով նախատեսված կետերի համաձայն», – ասել է Մինասյանը:
Նախկին դիվանագետի խոսքով՝ դրանից հետո հիմնադրամի տնօրենը նամակ է ուղարկում վարչապետին եւ խնդրում պարզաբանել, թե ինչ նպատակով են ծախսվել հիմնադրամի միջոցները, սակայն չի ստանում իր նամակի պատասխանը:
Մինասյանը տեղեկացրել է, որ այս օրերին հիմնադրամը միջազգային աուդիտ է անցնում։ «Միջազգային աուդիտի օրենքներով, եթե դու չես ասում, թե ում են փոխանցվել միջոցները եւ ինչու, հիմնադրամը պետք է դադարեցնի իր գործունեությունը, քանի որ խախտվել են նրա կանոնադրությունը եւ միջազգային օրենքները», – ասել է Մինասյանը:
Նշենք, որ պատերազմի օրերին «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով դրամահավաքի ժամանակ հավաքագրվել է ավելի քան 170 մլն դոլար։