Նոյեմբերի 18-ին գլխավոր դավաճանը հայտարարեց իր 6-ամսյա ճանապարհային քարտեզի մասին, ըստ որի պետք է առաջիկա ամիսներին լուծեր մեր պետության համար կարևոր հարցեր: Ժամանակային իմաստով նա իրագործել է իր պլանի մոտ 25%-ը կամ մեկ քառորդ մասը: Այս մասին գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Արդյունքում, կապիտուլյացիոն ստորացուցիչ հայտարարությունից
հետո, անցնող հիսուն օրերի ընթացքում թշնամուն հանձնվեցին եռակողմ հայտարարությամբ չնախանշված.
• Սոթքի ոսկու հանքավայրը, Դավաճանը պատրաստվում է իր 6-ամսյա պլանի շրջանակներում թշնամուն զիջել Լաչինի մի շարք բնակավայրեր, Քարահունջից շուրջ 30 հա տարածք, Տավուշի մարզի մի շարք բնակավայրեր:
• Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը,
• Գորիս – Կապան միջպետական ավտոմայրուղին,
• Կամավորական վաշտերի կողմից անառիկ պահված Սյունիքի կարևորագույն ռազմավարական դիրքերը, ՀԷԿ-եր և այլ կենսական նշանակության օբյեկտներ,
• Տարածքներ և բնակելի թաղամասեր՝ Շուռնուխ և Որոտան գյուղերից:
Ըստ Սաղաթելյանի՝ վարչապետը պատրաստվում է առաջիկայում Ալիևի հետ ստորագրել նոր փաստաթուղթ՝ իր կողմից թուրքերին բանավոր պայմանավորվածությամբ նվիրաբերած տարածքները օրինականացնելու համար:
Կառավարությունն այս ընթացքում ոչ միայն չի լուծել գերիների և անհետ կորածների խնդիրը, այլև տոտալ անիշխանության և բանակի կազմալուծման պայմաններում ունեցել ենք նոր զոհեր և գերիներ։ 6-ամսյա պլանը կամ ընտրություններ կազմակերպելու կեղծ օրակարգը ոչ այլ ինչ է, քան հայրենիքի մաս-մաս հանձնումը թշնամուն:
«Եթե մենք 50 օր առաջ հեռացրած լինեինք վարչապետի աթոռին կառչած անձին, ապա վերը նշված և ապագայում սպասվելիք կորուստները չէինք ունենա։
Հետևաբար, ողջ գիտակից հանրության գերխնդիրն է դավաճանի ժամ առաջ հեռացումը և Հայրենիքի փրկությունը»,- գրել է Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, Մարտակերտի շրջանից։