Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է արել, որում, մասնավորապես, նշել է.
«Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, հրապարակում եմ փաստաթղթերի փաթեթը, որը կարող էր հիմք հանդիանալ բանակցությունների միջոցով Սոթքի ոսկու հանքը Ադրբեջանին չհանձնելու համար, եթե, իհարկե, Հայաստանի իշխանության ղեկին լինեին ոչ թե ապաշնորհ տգետներ և դավաճաններ, այլ բանակցելու ունակ գործիչներ: Փաստաթղթերի փաթեթից պարզ է, որ Սովետական Հայաստանը Սովետական Ադրբեջանից վարձակալել էր հանքի տարածքի մի մասը, և եթե սահմանները որոշվում են սովետական քարտեզներով, ապա այս կարևոր հանգամանքը ևս չէր կարելի անտեսել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանցի զինվորները մտել էին Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: Թեև ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը, սակայն, Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարը հաստատել էր և տեղեկացրել, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հեռուսստաուղերձում անդրադարձել էր Քարվաճառի ու Սոթքի ոսկու հանքի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին: Նա հայտարարել էր, որ գործընթացները տեղի են ունենում ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև ադրբեջանցի ներկայացուցիչների մասնակցությամբ: