Թեև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հավաստիացրեց, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև նոր պայմանագիր կնքելու փաստաթուղթ չկա, սակայն ընդդիմությունը հայտարարեց, որ դա չի նշանակում, թե իրենց պայքարն ավարտված է:
Արդարադատության նախարարության մոտ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ առաջիկայում վարչական դատարան պահանջ կներկայացվի:
«Մենք արդեն իսկ դատական գործընթաց ենք սկսել այս անօրինական գործողությունների դեմ։ Առաջիկայում վարչական դատարան ենք դիմելու, որպեսզի կանխվի տարածքների հանձնումը, և հետագայում կարողանանք հետ բերել ՀՀ այն տարածքները, որոնք արդեն հանձնել են ադրբեջանական կողմին։ Սովետական Հայաստանի քարտեզն ինձ համար հիմք չէ տարածքներ հանձնելու համար։ Ինձ համար հիմք է այն տարածքը, որտեղ ՀՀ զինված ուժերը տեղակայված են»,– ասաց Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Արդարադատության նախարարության դիմաց։ Նրանք պահանջել են հրապարակել Մոսկվայում ստորագրվելիք փաստաթուղթը։ Ակցիայի մասնակիցներին հանդիպել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և հավաստիացրել, որ որևէ փաստաթուղթ նախարարություն չի ուղարկվել:
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում են տեղեկություններ, ըստ որոնց՝ իբրև, Արդարադատության նախարարությունում է գտնվում «գաղտնի» մակագրությամբ մի փաստաթուղթ: Որոշ տեղեկություններով՝ հունվարի 11-ին Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով ամրագրելու է Ալիևի հետ «բանավոր համաձայնությամբ» Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումն Ադրբեջանին։ Նախատեսվում են նաև նոր զիջումներ։ Հենց այդ ստորագրվելիք պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է և «գաղտնի» նշագրումով ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ ձևակերպումները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով։