Հունվարի 8-ին տեղի է ունեցել «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի հերթական նիստը, որը վարել է Վազգեն Մանուկյանը։
«Քննարկման առանցքում եղել է հունվարի 11-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման և հնարավոր պայմանագրերի վավերացման հարցը, որը լուրջ անհանգստություն է առաջացրել մեր հասարակության շրջանում։ Քննարկվել և վերլուծվել է Շարժման մինչ օրս իրականացրած գործունեությունը։ Հստակեցվել են առաջիկա անելիքներն ու գործողությունների պլանը»,-ասված է Հայրենիքի փրկության շարժման հայտարարության մեջ:
Հավելենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել, որով հաստատվում է լիակատար հրադադար Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թ. նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից:Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո Երևանում և հանրապետության այլ քաղաքներում հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում: «Հայրենիքի փրկության շարժման» պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Շարժման Ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: