ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքում է լուրերը, թե հայկական կողմը պատրաստվում է հնգօրյա ժամկետում Ադրբեջանին հանձնել Արարատի մարզի Պարույր Սևակ խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Տիգրանաշեն բնակավայրը: Նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը Armenia Today-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Տիգրանաշենի առնչությամբ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հանդիպումից հետո տելեգրամյան տարբեր ալիքներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդեցին, որ համաձայնություն է ձեռք բերվել Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը հինգ օրվա ընթացքում հանձնել Ադրբեջանին։
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ կրկին լուրեր էին տարածվում, թե Տիգրանաշենը հանձնելու են Ադրբեջանին, սակայն Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հերքել էր դրանք` շեշտելով, որ Արարատի մարզի սահմանները հսկվում են Հայաստանի զինված ուժերի կողմից: