Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոդված է հրապարակել բովանդակային պետության կառուցման անխուսափելիության մասին՝ նույնանուն ենթավերնագրի ներքո։ Նա նկատել է, որ հայոց պետականությունը վերականգնելու հնարավորությունը վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում եղել է մեր ժողովրդի երազանքը:
«Միջազգային հարաբերությունների պատմությունը վկայում է, որ փոքր երկրները հաճախ դառնում են մեծ տերությունների շահերի զոհը, ինչպես եղավ հայերիս հետ Օսմանյան կայսրության օրոք: Այն ազգերը, որոնք կարողացան ժամանակին սթափ վերլուծել իրենց անհաջողությունների ու տառապանքների պատճառները և աշխատել սեփական սխալներն ուղղելու վրա, մշակել հստակ տեսլական և զարգացման ծրագրեր, կարողացան ստեղծել համակարգային բարձր որակի պետություններ՝ ունակ ոչ միայն բավարարելու իրենց քաղաքացիների ներքին կարիքները և նրանց պաշտպանելու արտաքին սպառնալիքներից, այլև պայմաններ ապահովել, որոնք թույլ են տալիս մրցակցել ռեգիոնալ և նույնիսկ մեծ տերությունների հետ, համադրել նրանց հետ սեփական շահերը կամ առանձին դեպքում դառնալ իրական և կարևոր դաշնակից»:
Նախագահը նշել է, որ այսօր մենք վերապրում ենք մեր պատմության հերթական համազգային հոգեբանական վհատության պահը, և բացարձակապես մեզնից է կախված՝ թե կարո՞ղ ենք այն հաղթահարել, և ի՞նչ հիմունքներով ենք կառուցելու մեր ապագան: Առայսօր բացթողումների պատճառները վերջին երեք տասնամյակների ընթացքում կուտակված և չլուծված խոր արմատական խնդիրների հետևանքն են:
«Մենք տանուլ տվեցինք այն պահին, երբ Արցախը վերադարձնելու առաքելությունը համարեցինք ավարտված: Մենք բավարար ուշադրություն չդարձրեցինք Արցախի զարգացման և ամրապնդման իրական գրավականներին՝ բնակչության աճին (Արցախի բնակչությունն ինչքան որ կար, այդքան էլ մնաց), և ռազմական արվեստի կատարելագործմանը, սպառազինության նորացմանը, հագեցվածությանը և այլն: Մենք թուլացանք և շարունակեցինք ապրել, կարծես այլևս որևէ մեծ մարտահրավեր կամ սպառնալիք չկար: Իհարկե, Արցախյան պատերազմում հաղթանակը դարձավ մեր ինքնության անկապտելի բաղադրիչը, և ակնհայտ է, որ այսօրվա ամենաահավոր հետևանքը հենց ինքնաընկալնման ճգնաժամն է: Հայն արթնանում էր, ապրում, աշխատում և պառկում քնելու այն գիտակցությամբ, որ ինքը մաս է կազմում հաղթանակած ազգի: Այժմ, պատասխան գտնելու փնտրտուքների մեջ ընկած, նա հարցնում է՝ հիմա ո՞վ եմ ես:
Այս ամենը թոթափելու համար մեզ հսկայական ջանք է պետք, դառն իրականության աչքերին նայելու կամք և քաջություն: Մենք հայտնվել ենք բարդ իրավիճակում, սակայն ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը իրենց համարեն պարտված»,-գրել է Արմեն Սարգսյանը, նշելով, որ կրկին ոտքի կանգնելու համար իր դերը և պատասխանատվությունն ունի նաև Հանրապետության նախագահը:
Նա համոզված է, որ միակ տրամաբանական և քաղաքակիրթ դեղատոմսը խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններն են՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններով, որոնք թույլ կտան պետական շինարարության իրական գործընթացն սկսել մաքուր էջից: Մինչ այդ, իշխանության օրինական, հավասարակշռված և անաչառ ճյուղերից մեկի՝ Նախագահի ինստիտուտի օգնությամբ պետք է ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն: Այդ կառավարության գլխավոր առաքելությունը նա տեսնում է երեք նպատակների իրականացման մեջ:
Առաջինը, պատերազմի անմիջական հետևանքների վերացումը՝ բոլոր գերիների, պատանդների և տեղահանված անձանց վերադարձ, վիրավորների պատշաճ բուժում և խնամք, ավերված տների և բնակարանների նորոգում և նորմալ կենսապայմանների ապահովում, այդ թվում՝ տնազուրկների համար:
Երկրորդը, պետությունը քաղաքական և տնտեսական ճգնաժամից դուրս բերելու ճանապարհային քարտեզի նախապատրաստում և կիրառում:
Երրորդը, խելամիտ ժամկետներում գալիք ընտրությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով նորմատիվ-իրավական բազայի բարեփոխում, այսինքն՝ Ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի և, անշուշտ, Սահմանադրության բարեփոխումներ: Ելնելով դրանից՝ կառավարությունը պետք է կազմված լինի պրոֆեսիոնալներից և փորձագետներից, որոնք մասնագիտացել են կոնկրետ ոլորտներում:
Ինչևէ, Սարգսյանը գրում է, որ պատերազմի պատճառած համազգային ցնցումից ու պարտադիր անցումային փուլից հետո մենք պետք է ձեռնարկենք նոր պետության կառուցումը, որը պայմանականորեն այս հոդվածում անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն»:
«Մենք երկար խորհելու ժամանակ և հնարավորություն չունենք: Եկել է սառնասիրտ, արագ և արդյունավետ գործողությունների պահը, որի նպատակն է ստեղծել 21-րդ դարի մարտահրավերներին դիմագրավելու պատրաստ արդյունավետ, կարգապահ և կազմակերպված, նոր տեխնոլոգիաների և մտածողության վրա հիմնված ժամանակակից երկիր՝ ԱՊԱԳԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ: Իսկ դրան հասնելու ճանապարհների մասին կխոսենք հետագայում»,-ավարտել է ՀՀ նախագահը: