Արգիշտի Քյարամյանը պատերազմի ընթացքում ՀՀ ամենակարևոր ծառայություններից մեկի՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հեռացված անձ է, որի հեռացման պատճառների մասին մամուլում և հանրության լայն շրջանակներում մեծ թափով քննարկվում էր դավաճանության վարկածը։ Այս մասին գրառում է կատարել «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։
«Հիմա այդ անձը պատերազմի մասին իր մանկական տպավորությունների և հատվածական ընկալումների մասին պատմում է Հանրային հեռուստաընկերության եթերում։ Պատմում է անգիր արած բառերով, առանց հասկանալու, թե ինչի մասին է պատմում, առանց ընկալելու, թե որ դիրքում մարտական ինչ գործողություններ է կատարվել, ում հրամանատարությամբ և ինչ նշանակությամբ»,- գրել է Բաբայանը՝ նշելով, որ գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն իրականացնում էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից դրված առաջադրանքները, և բնական է, որ Քյարամյանը չէր կարող տեղյակ լինել մարտական գործողություններից։
«Աննորմալ կլիներ, եթե այդ տղան տեղյակ լիներ այդպիսի առաջադրանքներից։ Այսպիսի պատմությունները շատ-շատ են, որոնց մասին գուցե հետագայում խոսեն մեր զորախմբի դասակների հրամանատարներն ու մարտիկները»,- գրել է Բաբայանը։
Նա հարցնում է՝ պատերազմական գործողությունների ընթացքում Քյարամյանն ի՞նչ կարգավիճակ է ունեցել, ի՞նչ առաքելությամբ է Շուշի հասել ու Շուշիից գնացել։ Ժամանակն է, որ Քյարամյանը գիտակցի, թե ինքն ում է ներկայացնում և հիմա ինչ առաջադրանք է կատարում։ Շուշին հանձնած դավաճան ղեկավարի հանձնարարությունները կատարելիս իր շահերից է բխում չմոռանալ, որ շատ են մարդիկ, որոնք տեսել են ու հրաշալի գիտեն, թե Քյարամյանն ինչ էր անում Շուշիում և Ստեփանակերտում, ում և ինչ տեղեկություններ էր հայտնում, այն էլ՝ բջջային հեռախոսով, որն արգելված է մարտադաշտում։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 13-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն անդրադարձել էր պատերազմի ժամանակ իր մասին տարածված լուրերին։ Նա նաև հայտնել էր, որ վերադառնալով դիրք՝ այնտեղ չի տեսել Արթուր Վանեցյանին։