Հայաստանը խիստ մտահոգված է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության առանցքային դրույթների շարունակական խախտումներով։ Այս մասին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանն ասաց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
Ըստ ԱԳՆ ղեկավարի՝ խախտվում են հիմնականում եռակողմ հայտարարության 1-ին և 8-րդ կետերը, համաձայն որոնց՝ կողմերն ամբողջությամբ դադարեցնում են ռազմական գործողությունները, կանգ առնում գրավյալ դիրքերում և փոխանակում գերիներին ու մահացածների մարմինները:
«Որոշ դեպքերում այդ խախտումները փոխկապակցված էին. խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի զինված ուժերի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի վրա հարձակման մասին էր, որի արդյունքում գերեվարվեց 64 հայ զինծառայող։ Նրանց դեմ ներկայացրած մեղադրանքները և քրեական գործեր հարուցելը ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև՝ Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտումներ են»,-նշեց նախարարը:
Այվազյանը նկատեց, որ նման գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորմանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիներին վերադարձնելու և անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ։
«Ղարաբաղյան հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և Հայաստանը շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիրքերից: Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և նրանց երկրների հովանու ներքո շարունակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը»,- ընդգծեց Այվազյանը և հավելեց, որ հայկական կողմերի առաջնահերթություններից է նաև Արցախի տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի համար համապատասխան պայմանների ապահովումը:
Հիշեցնենք, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները հանդիպում են Արա Այվազյանի հետ։ Հանդիպմանը չեն մասնակցում խորհրդարանական ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները։