Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր հերթական տեսաուղերձում մեղադրանքներ է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ թուրքական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար։
Ըստ Մինասյանի՝ 2005-ին, երբ Միրզոյանը «Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ԱՄՆ-ում» ուսումնասիրությունների շրջանակում այդ երկրում էր, ծանոթացել է թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։
«Երիտասարդը (Արարատ Միրզոյանը-խմբ․) հայտնվում է թուրքական հատուկ ծառայությունների տեսադաշտում։ Նա ԱՄՆ-ում հանդիպում է թուրք «կուրատորին և հոգին ծախում թշնամուն»՝ համաձայնելով գաղտնի տեղեկություններ փոխանցել թուրքերին, թե ինչ արխիվային աշխատանքեր է անում ինստիտուտում։ ԱԱԾ-ն ֆիքսում է երիտասարդի և թուրքական հատուկ ծառայությունների կապը։ Հակահետախուզությունը երիտասարդին հրավիրում է իր մոտ՝ փորձելով պայմանավորվել վերջինիս երկակի գործակալ դառնալու վերաբերյալ՝ ԱԱԾ-ի տրված տեղեկատվությունը թուրքերին փոխանցելու համար։ Հետագայում նա տեղավորվեց Ազգային արխիվում, «Ավրորա» հիմնադրամում, և Աստված գիտի՝ ինչեր է փոխանցել նրանց»,- պատմեց Մինասյանը։
Ըստ նախկին դեսպանի՝ հետագայում նա թուրքական ուղղորդմամբ դառնում է Նիկոլ Փաշինյանի համակիրներից մեկը։
Նա Արարատ Միրզոյանին անվանեց ՀՀ ԱԱԾ և թուրքական հատուկ ծառայությունների գործակալ։
«Ես գիտեմ, որ այն ինչ պատմեցի, հիշեցնում է գործակալական ֆիլմից հատված։ Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ԱԱԾ-ից պահանջեց ներկայացնել գործակալական ցանցերի ցանկը։ Ինչպես նախորդ անգամ նշեցի, ԱԱԾ-ն այս անգամ ևս հրաժարվեց կատարել այդ հրամանը, բայց ԱԱԾ-ում գտնվեցին ոչ այդքան պարկեշտ սպաներ, որ գործող գործակալներին «վառեցին»»,- ընդգծեց Մինասյանը։
Ըստ Մինասյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգտագործել և օգտագործում է այդ «դոսյեներն» իր իշխանությունը պահելու համար։
«Նա արդեն տեղեկություն ուներ, որ Արարատ Միրզոյանը ԱԱԾ գործակալ է։ Իմանալով, որ ագենտ է, նա Միրզոյանին սարքեց մեր երկրի երկրորդ դեմքը։ Միրզոյանն ամենամեծ կապավորն է Հայաստանի և Թուրքիայի մեջ, և ներկայացնում է Թուրքիայի շահերը»,- հավելեց Մինասյանը՝ ընթերցելով 2007-ի նոյեմբերի 7-ի թվագրմամբ Արարատ Միրզոյանի ինքնախոստովանական նամակը, որով վերջինս, իբր, պարտավորվում է անհրաժեշտ տեղեկությունները փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին։