«Ցանկացած պատերազմ ունի հետցնցումներ»,- այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլը» լքած պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին, թե ինչ համարժեք պատասխան են ենթադրում ադրբեջանական հայատյացության կոչերը։
«Մեր գլխավոր խնդիրը հետպատերազյան շրջանում Արցախում ու Հայաստանում որոշակի կայունություն ձեռք բերելն է։ Հայտնի դրոշմանիշի հրապարակումն անընդունելի է։ Ադրբեջանի իշխանությունները հաճախ խոսում են հայկական ֆաշիզմի մասին, սակայն ֆաշիզմի շոշափելի դրսևորումներ մենք տեսնում ենք Ադրբեջանի գործողություններում։ Ինչքան ինձ հայտնի է՝ նման դրոշմանիշ եղել է մեկ էլ ֆաշիստական Գերմանիայում։ Այս փաստն ինքնին շատ խոսուն է»,- ասաց Փաշինյանը։
Խորհրդարանն ու խորհրդարանական կառավարումն, ըստ վարչապետի, այստեղ ևս անելիք ունեն։ Դա հնարավորինս լայն շրջանակներին այդ դրսևորումներն ի ցույց դնելն է։
Այդ թեմայի շուրջ եղել է բանակցություն նաև Մոսկվայի հանդիպման ժամանակ, ասաց վարչապետը։ Նրա խոսքով՝ Հայաստանից էլ հնչել են որոշակի արձագանքներ։ Բայց այնտեղից հնչող հայտարարությունները հակասական են, մի կողմից քարոզվում է խաղաղություն, մյուս կողմից՝ ագրեսիա։ Ադրբեջանը պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ինքը գնում։