Այսօր ԱԺ նիստի հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի հեռանում զբաղեցրած պաշտոնից, եթե անգամ Մոսկվա մեկնելու գլխավոր հարցը, այն է՝ գերիների խնդիրը, ի զորու չեղավ լուծել ու վերադարձավ ձեռնունայն, Փաշինյանը պատասխանեց․
«ՀՀ-ից գերիներ Ադրբեջանում եղել են միշտ։ Իհարկե, հիմա գերիները մեծ թիվ են կազմում, բայց երբեք ավելի մեծ քանակով գերիներ ՀՀ չեն վերադարձել մինչ այժմ։ Այդ հարցը երկար տարիների ընթացքում չի հնչել։
Մենք պետք է հասկանանք՝ ուզում ենք գերիների վերադա՞րձը, թե՞ գերիների չվերադառնալու վրա քաղաքական միավորներ շահել»,- հարցրեց Փաշինյանն՝ ի պատասխան։
«Թվում է, թե մենք հարց ենք տալիս ճանապարհների անվտանգությունն ապահովելու համար, բայց իրականում հարց ենք տալիս էժան քաղաքական միավորներ շահելու համար՝ վտանգի տակ դնելով գերիների կյանքը, անվտանգությունն ու առողջությունը։
Պարտադիր չէ, որ կոնֆիդեցիալ ողջ բովանդակությունը այստեղ պատմենք»։
«Այո, դուք այլևս չեք կարողանում սպասարկել ՀՀ պետական շահը,- ասաց Գորգիսյանը,- Դուք չեք կարողանում արդեն իսկ ստորագրված փաստաթղթի կետերից մեկը կյանքի կոչել։ Դուք հայտարարել էիք, որ դա առաջնահերթ հարց է, սակայն, չեք կարողացել առաջնահերթ հարցին լուծում տալ»։