Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։
Հայաստանի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Համոզված եմ, որ առաջիկա տարիներին անելու եք հնարավորը՝ հետագա առաջընթաց և տպավորիչ ձեռքբերումներ ապահովելու Ձեր երկրի համար:
Ակնկալում եմ, որ մեր համագործակցությունը հնարավորություն կընձեռի առաջ մղել հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները և կնպաստի տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանն ու կայունությանը:
Ձեզ և Ձեր վարչակազմին մաղթում եմ ամենայն հաջողություն»:
Նախագահ Սարգսյանն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ շնորհավորել է նաև Քամալա Հարիսին և հետագա հաջողություններ մաղթել:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Բայդենը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ 46-րդ Նախագահի պարտականությունները։