Վարչապետի ելույթն ամբողջովին խեղաթյուրվել է ու այդպես ներկայացվել և՛ մամուլում, և՛ տարբեր ընդդիմադիր քաղաքական գործիչների խոսքում։ Ընդհանրապես, այդ հարցուպատասխանի թեման չի եղել Շուշիի հայկական կամ ադրբեջանական լինելը։ Շուշին պատմական հայկական քաղաք է, և դա պատմագիտական փաստ է։
Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ «Իմ քայլ»-ի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ պարզաբանելով ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունն այն մասին, որ Շուշին 90 տոկոսով ադրբեջանական քաղաք է եղել։
Ըստ Ռուբինյանի մեկնաբանության՝ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին ի պատասխան վարչապետ Փաշինյանն ասել է, որ բանակցային գործընթացի մաս է եղել փախստականների վերադարձի հարցը։ Իսկ պատերազմից առաջ՝ 87 թվականին, Շուշիի բնակչության մոտ 90 տոկոսը ադրբեջանցիներ են եղել։ Ենթադրյալ վերադարձի դեպքում այդ պատկերը կվերականգնվեր։
«Այն պայմաններում, երբ Ադրբեջանը չէր ճանաչելու Արցախի որևէ կարգավիճակ, Շուշիի հայկական մնալը մեծագույն ռիսկի տակ էր»,- ասաց Ռուբինյանը։
Պատերազմի ելքը ցույց է տալիս, որ որպես պետություն չենք կարողացել հաղթել ու ունեցել ենք այսպիսի արդյունք։
Ռուբինյանն անդրադարձավ նաև ընդդիմության՝ վարչապետի հրաժարականի պահանջին, ասելով․
«Պետք է ավելի լավ ուսումնասիրել համաշխարհային պատմությունը։ Կան բազմաթիվ երկրների ղեկավարներ, որոնք շարունակել են պաշտոնավարել պատերազմի այս կամ այն արդյունքից հետո»,- ասաց Ռուբինյանը։
Ռուբինյանը կարծում է, որ ընդդիմության դիրքորոշումները տրամաբանական չեն։ Եթե ընդդիմությունն ուզում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի իր լիազորությունները, ապա դրա համար մեկ ճանապարհ կա՝ գնալ արտահերթ ընտրությունների։