«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է «Հայրենիքի փրկության շարժումից» դուրս գալու պատճառների մասին:
Նա, մասնավորապես, ընդգծել է. ««Հայրենիքի փրկության շարժումն» ունի քաղաքական ինքնաբավության դեֆիցիտ: Դա նշանակում է, որ շարժումը, ըստ էության, չկարողացավ ինքնաբավ քաղաքական օրակարգ ձևավորել: Հարթակը շատ աղքատիկ էր: Որոշ դեպքերում անգամ ապաքաղաքական ելույթներ էին հնչում, ինչի հետևանքով սկսեց գեներացվել նախկին համակարգի օրակարգը. եթե մի տեղ բովանդակային առումով վակուում կա, բնականաբար, այն լցվելու հատկություն ունի»: Ինքնաբավ քաղաքական օրակարգ չձևավորվեց.
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հայտարարել էր, որ հեռանում է «Հայրենիքի փրկության շարժումից»:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո Երևանում և հանրապետության այլ քաղաքներում հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում: Ձևավորված «Հայրենիքի փրկության շարժման» պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Շարժման Ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է: