Նիկոլ Փաշինյանը որոշել է Լիլիթ Մակունցին նշանակել ԱՄՆ – ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին տեղեկությունը հաղորդում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Մակունցը, ով հայտնի է նրանով, որ եղել է Նիկոլի անգլերենի ուսուցչուհին, միայն մեկ արժանիք ունի՝ Նիկոլը նրան անվերապահորեն հավատում է», – գրել է Մինասյանն իր Telegram-ալիքում։ Ըստ Մինասյանի՝ Նիկոլ Փաշինյանի այս որոշումը երկու նպատակ է հետապնդում՝ փրկել Մակունցին «խորտակվող նավից» և օգտագործել այս նշանակումը աշխարհաքաղաքական երկու գերտերությունների միջև «կեղտոտ խաղում»։ «Որոշվել է Մակունցին ուղարկել «պետդեպարտամենտյան թխվածքաբլիթների» հետևից, որոնց մասին այդքան երազում էին «թավշյա հեղափոխականները»»,-գրել է նախկին դեսպանը։
Մինասյանի համոզմամբ՝ Մակունցի նշանակումը հարված է ոչ միայն հայ-ամերիկյան, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի իմիջին, այլև այն քաղաքականությանը, որ պետք է կառուցվի մեծ տերությունների շահերի հանգույցի վրա, այլ ոչ թե նրանց հակասությունների։
Նշենք, որ ներկայում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է Վարուժան Ներսիսյանը, որ օրեր առաջ մասնակցում էր ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալությանը։