Եկեք իմ ֆրանսերենի դասախոսին՝ Շուշանիկ Մելքոնյանին, որը ֆանտաստիկ ֆրանսերեն գիտի, առաջարկենք Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ արձագանքելով «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելու մասին լուրին։
Նրա կարծիքով՝ այս և նմանօրինակ նշանակմամբ Հայաստանի միջազգային հեղինակությունն ուղղակիորեն զրոյացվում է։
«Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր եղած ժամանակ ԱԺ ամբիոնից բողոքում էր, որ նախկինում դեսպաններ նշանակվում էին ծանոթ-բարեկամ սկզբունքով և անընդհատ ասում էր, որ պրոֆեսիոնալ դիվանագետները պետք է դեսպաններ լինեն։ Եվ հիմա ամենակարևոր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկում դեսպան է նշանակվում մի կին, որն ընդամենը գիտի լավ կամ վատ անգլերեն։ Սա աղետ է»,- նկատեց Զոհրաբյանը։
ԲՀԿ-ական պատգամավորի տպավորությամբ՝ Փաշինյանը փորձում է իր յուրայիններին ապահով վայրեր տեղափոխել։
Հիշեցնենք, որ տելեգրամյան ալիքներով տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակել։
«Ազատություն» ռադիոկայանին տված հարզացրույցում Մակունցը հաստատել է լուրը՝ տեղեկացնելով, որ օրակարգում նման հարց կա։
Մանրամասները՝ տեսանյութում․