«Իմ Քայլը» խմբակցությունում դեռ քննարկում չի եղել, թե ով կարող է լինել խմբակցության ղեկավար։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցում նշեց «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։
«Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը Լիլիթ Մակունցն է, որևէ այլ նշանակում չկա, կան խոսակցություններ, որոնց մասին Լիլիթ Մակունցը տվել է իր մեկնաբանությունները, հետևաբար չեմ կարող իր մեկնաբանությունը մեկնաբանել»,-ասաց նա։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ եթե նման առաջարկ լինի, ինքը կընդունի՞։ Ի պատասխան Դավոյանն ասաց, որ նման քննարկումներ չկան։ Եթե նման քննարկումներ լինեն՝ կմեկնաբանի։
Նրա կարծիքով՝ Մակունցը կարող է լավ դեսպան լինել։
Հարցին՝ Մակունցն իր ո՞ր արժանիքների համար կարող է դեսպան նշանակվել, քանի որ որոշ փորձագետներ ասում են, թե Մակունցը չունի դիվանագիտական փորձ, Արփի Դավոյանը պատասխանեց․ «Իրականում լինում են այնպիսի խոսակցություններ, որոնք տարբեր շահագրգիռ շրջանակներից են գալիս, նման խոսակցություններ լինում են ցանկացած նշանակման վերաբերյալ»։
Հիշեցնենք, որ տելեգրամյան ալիքներով տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակել։
«Ազատություն» ռադիոկայանին տված հարզացրույցում Մակունցը հաստատել է լուրը՝ տեղեկացնելով, որ օրակարգում նման հարց կա։