Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպում տեղի կունենա մոտ օրերս։ Այս մասին Armenia Today-հետ զրույցում հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը:
Նրա խոսքով՝ հանդիպման հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են։
Անի Բաբայանը տեղեկացրեց, որ օրակարգում ընդգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք։ Այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում։
Հիշեցնենք՝ տելեգրամյան ալիքները, հղում անելով Հայաստանում և Ռուսաստանում РБК-ի աղբյուրներին, հաղորդում են, որ վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը միացնող երկաթգծի կառուցման հարցը։
Հիշեցնենք նաև, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։
Հավելենք, որ հայկական կողմից աշխատանքային եռակողմ խմբի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։