Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում
գրել է, որ կրկին առաջարկում է ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ զանգահարել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին։ Նա կոչ է արել նախ շնորհավորել ԱՄՆ նոր նախագահին, ձևավորել տնտեսական օրակարգ, խոստանալ, որ ամերիկյան ներդրումները Հայաստանում չեն ճնշվի։
«Առաջարկի՛ր տեխնիկական աջակցություն Իրան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովի համար (ադրբեջանցիք արդեն բզբզում են): Հաստատիր, որ մինչև ապրիլի 24-ը հայ-թուրքական երկխոսություն չես սկսելու (դա իրեն խանգարելու է ճանաչման հարցում), (դա թուրքական ռազմավարությունն է՝ հնարավոր ճանաչումը չեղարկելու համար՝ հղում անելով երկխոսությանը):
Խնդրիր գոնե 10-15 ռազմագերիների վերադարձ կազմակերպել՝ իր հովանու ներքո: Չի մերժի, նման հումանիտար ակցիան իրեն էլ է պետք: Ալիևն էլ իրեն չի մերժի, չի կարող»,- գրել է Սարգսյանը:
Սարգսյանը նաև հորդորում է Փաշինյանին՝ բարձրացնել «Հազարամյակի մարտահրավերների» հարցը, բացատրել (մեզ չէ, գոնե իրեն), թե Արցախի հարցում ինչ է ուզում և անում:
Հիշեցնենք, որ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը դեռևս նոյեմբերի 8-ին առաջարկել է Փաշինյանին՝ զանգահարել ու դեռևս այդ ժամանակվանից փորձել սկսել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ ադեկվատ հարաբերություններ։