Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության դրույթները: Այս մասին նշված է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հրապարակած զեկույցում:
«Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությունը, որքան հնարավոր է շուտ իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են հումանիտար հարցերին: Կոչ է արվում անհապաղ ձեռնամուխ լինել ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը»,-,ասված է զեկույցում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղում հաստատվեց հրադադար: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ու ինժեներական ենթակառուցվածքները:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպումից հետո հայտարարություն է ստորագրվել։