Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Այս մասին գրել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։
Մինչ խորհրդակցությունը վարչապետն այցելել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ ծանոթացել քաղաքացիներին մատուցվող ծառայություններին և դրանց արդյունավետությանը: Կենտրոնում մատուցվում է մոտ 100 պետական ծառայություն, որոնք հետագայում ընդլայնվելու են:
Վարչապետ Փաշինյանը նշել է․ «Ես ուրախ եմ, որ մենք դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում շատ մեծ թափ ենք հաղորդել: Իհարկե, այդ գործողությունների և բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում և տեսանելի կդառնան, բայց համոզված եմ, որ մենք հետևողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել այն նպատակի իրագործմանը, որն ունենք մեր առաջ»:
Վարչապետը խոսքը փոխանցել է նախարար Ռուստամ Բադասյանին, որը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող միջոցառումների ընթացքը: Նախարարը նախ անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և դրա կառուցվածքին, նշել է, որ կոմիտեի շենքն ունենալու է 5500 քմ տարածք: Շինարարական աշխատանքների համար նախատեսվում է ներդնել 2,7 մլրդ դրամ, շինաշխատանքները կտևեն 2,5 տարի: Կոմիտեն կունենա 150 աշխատակից: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ կոմիտեի ղեկավարն ընտրվելու է մրցութային ընթացակարգով:
Այնուհետև նախարարն անդրադարձել է Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման աշխատանքներին, դատական համակարգը նոր դատավորներով համալրելու ուղղությամբ տարվող միջոցառումներին, արբիտրաժի ինստիտուտի բարեփոխումներին, որոնց արդյունքում ակնկալվում է էապես բեռնաթափել դատական համակարգը: Ակնկալվում է, որ ոլորտում բարեփոխումներին նոր ազդակ հաղորդելուն կնպաստի նաև Արբիտրաժային կենտրոնի ստեղծումը, որի աշխատանքները ևս ընթացքի մեջ են: Դրա արդյունքում վեճերը կքննվեն առավել արդյունավետ, սեղմ ժամկետներում և օն-լայն ձևաչափով: