Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը գողանալու հարցով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
Անդրադառնալով տեղեկություններին, թե ադրբեջանցիներին հայկական անձնագրեր են բաժանվում՝ փոխոստիկանապետը հավաստիացրեց՝ նման դեպք չկա, որ Հայաստանից անձնագրեր են բաժանվել ադրբեջանցիներին:
«Ուսումնասիրություններ ենք սկսել։ Մենք այն անձանց, որոնք հանդես են եկել նման հայտարարություններով, դիմել էինք, որ տրամադրեն անձնագրի գեթ մեկ նմուշ, որպեսզի առավել հստակ ուսումնասիրություն կամ քննություն կարողանանք իրականացնել, սակայն, նրանք չեն տրամադրել», -մեկնաբանեց նա։
Հիշեցնենք, որ արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման օրը ՀՀ կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:
Հավելենք, որ «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, թե ադրբեջանցիներն իրեն են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը: