Այսօր՝ հունվարի 27-ին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետի դիվանագիտական անձնագրի հետ կապված վերջին օրերին տարածված լուրերին։
«Իմ դիվանագիտական անձնագիրն էլ իմ աշխատասենյակում է, ուղղակի նրանց չի հաջողվել մտնել, թե չէ՝ կարող էին դիպլոմս էլ տանել»,- ասաց Սիմոնյանը՝ գանգատվելով, որ դիվանագիտական անձնագրերի ծածկույթը շատ հաճախ է ջնջվում, ու դրանք հաճախ փոխելու կարիք է լինում։
Այն հարցին, թե ինչո՞ւ ԱԱԾ-ն գողացված օծանելիքի, ժամացույցների ու Աննա Հակոբյանի վարորդական իրավունքի մասին հայտարարության մեջ չի նշել նաև Փաշինյանի դիվանագիտական անձնագրի մասին, իսկ հիմա ԱԳՆ-ն հայտարարում է, որ անձնագիրն էլ է եղել գողոնի մեջ, Սիմոնյանը պատասխանեց․
«Իսկ ինչո՞ւ պետք է հայտարարեին։ Ուրիշ փաստաթղթեր էլ են գողացել․․․ Ի դեպ՝ ես կարծում եմ, որ ճիշտ չէր հայտարարել օծանելիքի ու ժամացույցի մասին, դա միայն քրեական գործով պետք է հայտարարվեր»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Վերջինս ցնդաբանություն է համարում շրջանառվող կարծիքն այն մասին, թե ադրբեջանցիները կարող են ուզած փաստաթուղթը ստանալ վերին օղակներից։
Հիշեցնենք, որ արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման օրը ՀՀ կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:
Հավելենք, որ «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, թե ադրբեջանցիներն իրեն են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը գողանալու հարցով քրեական գործ է հարուցվել։