Բանակի օրն այս տարի առանձնահատուկ խորհուրդ ունի. այն նշում ենք մեր երկրի ու ազգի համար արտակարգ պայմաններում՝ հետպատերազմական բարդ իրավիճակ, բազմաբնույթ ճգնաժամ, ծանրագույն կորուստներ: Այս մասին գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Հայոց բանակի օրվա իր շնորհավորական ուղերձում։
«Եվս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում Հայրենիքի պաշտպանության և ազատության համար զոհված մեր բոլոր նահատակների միշտ կենդանի հիշատակի առաջ:
Ապաքինում եմ մաղթում մեր բոլոր վիրավոր հերոսներին։
Զորակցությունս եմ հայտնում բոլոր այն ընտանիքներին, որոնք զօր ու գիշեր սպասում են գերության կամ անհայտության մեջ գտնվող իրենց զավակներին ու հարազատներին:
Այսօր, առավել քան երբևէ, մեր միտքն ու գործը պետք է ծառայեցնենք նախ և առաջ մեր բանակի հզորացմանը, լինենք մեր բանակի կողքին:
Անհրաժեշտ են ծրագրային ու հայեցակարգային մոտեցումներ, արմատական քայլեր՝ վերակազմավորումից մինչև վերազինում, հաշվի առնելով ժամանակակից ռազմարվեստի ու տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև աշխարհաքաղաքական միտումները:
Սակայն, անգամ ամենաժամանակակից զենքը չի կարող հանգեցնել ցանկալի արդյունքի,
եթե խիզախություն չունենանք ընդունել կատարված սխալներն ու պատրաստ լինել հիմնարար փոփոխությունների,
եթե չվերականգնենք սպայի պատիվը, հարգանքը զինվորական ծառայության հանդեպ,
եթե չունենանք ծրագիր և այն իրականացնելու կամք,
եթե արտաքին թշնամուն թողած՝ չդադարենք թշնամի փնտրել միմյանց մեջ,
եթե համերաշխ ու համախմբված չլինենք որպես պետություն և հասարակություն, որպես մեկ ազգ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առաջ։
Մեր բանակը, ինչպես մեր պետությունն ու ողջ ազգը, անցնում է փորձությունների միջով: Բայց մենք մեկ անգամ չէ, որ փորձությունը կարողացել ենք վերածել հաղթանակի: Եվ դա՝ առաջին հերթին շնորհիվ մեր բանակի»,- գրել է նախագահը:
Հիշենենք, որ Հայոց բանակը նշում է կազմավորման 29-ամյակը։