Հունվարի 30-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման օրակարգը հունվարի 11-ի հայտարարությունն է: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա նշեց, որ հանդիպմանը այդ հայտարարության, մասնավորապես, չորրորդ կետի շուրջ են քնարկումներ տեղի ունենալու։
«Բարդ աշխատանք է, շատ հարցեր կան, որոնք պետք է վերլուծվեն և կարգավորվեն։ Ճանապարհների ապաշրջափակման հարցի հետ կապված բազմաթիվ բաղադրիչներ կան՝ այդ թվում՝ անվտանգության։ Վստահ եմ, որ խնդրի լուծման համար բազմաթիվ բաղադրիչներ պետք է մանրամասն փորձաքննության ենթարկվեն, որպեսզի ձևավորվի համակարգը, որը կաշխատի»,-նկատեց փոխվարչապետը։
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին՝ Մոսկվայում:
Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու համաձայնությունը ձեռք էր բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում՝ երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով:
Հավելենք, որ հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբում Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հիշեցնենք նաև, որ Բանակի տոնի առթիվ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաններն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Մանրամասները՝ տեսանյութում․