«Ժամանակ»-ը գրում է. «Հաշվեքննիչ պալատի մի շարք պաշտոնատարների դեմ հերթական քրեական գործը կհարուցվի։ Օրերս Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մերժեց դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտը, որով նախատեսված է քրեական գործ հարուցել Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղար Հայկ Ավագյանի, Անձնակազմի կառավարման բաժնի պետ Ռիմա Բաբայանի և ներկայացուցիչ Թամարա Շաքարյանի դեմ` ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հանցակազմի հատկանիշներով»:
«Ժողովուրդ»-ը գրում է. «Օրերս Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, թե ինքը չի էլ մտածում հրաժարական տալու եւ իր տեղը ինչ-որ մեկին զիջելու մասին։ Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Մարությանը նշել է, թե ինքը ընտրվել է հանրության կողմից, վայելում է հարգանք ու երկար է մտածել, եկել այն եզրահանգման, որ որեւէ պարագայում չպետք է նման քայլի գնալ։ «Թե կարող են, թող հանեն»,- ասել է նա։ Ըստ մեր աղբյուրների՝ քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում քաղաքապետը թիմ է հավաքում և իր դիրքերն ավելի է ամրապնդում»:
«Հրապարակ»-ը գրում է. «Պատերազմից հետո տնտեսությունն անկում է ապրում, եւ շատ բիզնեսներ դժվարություններ են կրում՝ սնանկանում են, արտադրություններն են կանգնեցնում, աշխատողներին ուղարկում են հարկադիր պարապուրդի։ Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը՝ Վարդանյանների ընտանիքին պատկանող «Մասիս տոբակո»-ն, աշխատակիցներին նստեցրել է տանը։ Ծխախոտի արտադրությամբ զբաղվող այս հիմնարկում աշխատողների մոտ 80 տոկոսին հարկադիր պարապուրդի են ուղարկել՝ պատճառաբանելով, թե պահանջարկ չկա, ուստի արտադրությունն առժամանակ կանգնեցնում են»։
«Հրապարակ»-ը գրում է. «Հայրենիքի փրկության ճակատում որոշել են նախապես չհայտարարել իրենց միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի մարզային այցելությունների ուղեգիծը, որպեսզի իշխանությունը նախօրոք չպատրաստվի, Մանուկյանի ճանապարհը փակող գնդեր չգործուղի հանդիպման վայր, ինչպես եղավ Գյումրիում։ Արարատում օրերս տեղի ունեցած այցի մասին էլ մարզային իշխանություններն ուշ են իմացել եւ հազիվ հասցրել են մի քանի հոգու ուղարկել Մանուկյանի դեմ։ Սակայն ընդդիմության ներկայացուցչի աջակիցներն այնքան շատ են եղել, որ «սադրիչները» հեռվից՝ մի անկյունից մի քանի անգամ վանկարկել են «Նիկոլ՝ վարչապետ», սակայն չեն համարձակվել սադրիչ գործողությունների դիմել»։
«Ժողովուրդ»-ը գրում է. «Կարագի գները միջազգային շուկայում չնչին, բայց բարձրացել են: Կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում հունվարի 21-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 4.7 դոլարով: Այն հունվարի 5-ի դրությամբ կազմել է 4.5 դոլար, բայց, անցյալ տարվա դեկտեմբերի 15-ի դրությամբ, կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում կազմել է 4.2 դոլար: Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է մոտ 3500 դրամով»: