Արցախյան պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են անցկացրել Պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Նրանք դժգոհում են, որ պետությունը չի վճարել իրենց հասանելիք գումարը և պահանջում են այն։
Դեռ ամսվա սկզբին խնդրի վերաբերյալ Պաշտապանության նախարարության մոտ հավաքված կամավորներից մի քանիսը հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ։ Վերջինս խոստացել էր, որ հարցին լուծում կտրվի՝ մինչև փետրվարի 10-ը գումարները կփոխհատուցեն: Պատերազմի մասնակիցները, սակայն, չեն հավատում, որ խնդիրը կկարգավորվի։ Եվ այսօր կրկին հավաքվել են նախարարության մոտ՝ բարձրաձայնելու իրենց խնդիրը։
«Մեր հարցով չեն ցանկանում զբաղվել և միտումնավոր իրենց հարցը ձգձգում են։ Մեզ արհամարհում են, մենք արժանի՞ ենք այս վերաբերմունքին, իրենք իրենց աշխատավարձները ստանում են աշխատելու համար, բայց չեն աշխատում: Թող դուրս գան ասեն՝ գործին այս ընթացքն է տրվել, չեն ասում ոչինչ, ո՞ւմ դիմենք հիմա»,- հայտարարեցին ՊՆ-ի մոտ հավաքվածները։
Ակցիայի մասնակիցներից 3 հոգու Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ընդունեցին։
Նշենք, որ պատերազմին մասնակցած կամավորները մի քանի անգամ հանդիպել են վարչապետի օգնականի հետ։ Անցյալ շաբաթ նրանք հանդիպել էին Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ, որոնք կամավորների տվյալները գրի էին առել՝ խոստանալով նրանց հետ կապ հաստատել և խնդրին լուծում տալ։ Սակայն, պատերազմի մասնակիցները մինչ օրս այդպես էլ պատասխան չեն ստացել։